Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում գտնվող Աբու Զուհուր ավիաբազայի վրա կատարած հարձակման վերաբերյալ։ Մասնավորապես նշվել է, որ այդ հարձակումը Թուրքիային հասցեագրված ուղերձ էր։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Նա հեռուստաեթերում մասնավորապես նշել է.
«Մեր ուղերձը մեկ բառ էր. մի՛ արեք դա։ Սակայն, ըստ երևույթին, նրանք չեն լսել կամ հասկացել ուղերձը։ Ահա թե ինչու մենք ապահովեցինք, որ մեր իրականացրած հարձակման միջոցով ուղերձն ավելի լավ հասկացվի»։
Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի բանակը 8 ավիահարված էր հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող, Թուրքիային սահմանակից Աբու Զուհուր ռազմական ավիաբազային։
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքն էլ X-ի իր էջում արած հրապարակմամբ ակնարկել է, որ Նեթանյահուն փորձում է լարվածություն ստեղծել Իսրայելում՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։
«Նեթանյահուի կողմից Թուրքիայի դեմ գիտակցված կերպով հրահրված լարվածությունը անպատասխանատու և անխոհեմ քայլ է»,- գրել է Բարաքը։









