OpenAI-ը թողարկել է ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմը, որը ուսուցման և անվտանգության շուրջ է կառուցվել, գրում է AP-ն։ Այս ռեժիմն ավելի խիստ սահմաններ է սահմանում հարաբերություններում. մոդելն իրեն ընկեր չի կոչի, չի ակնարկի անձնական զգացմունքների մասին կամ օգտատիրոջը չի ներշնչի, որ գիտակցություն ունի։
Ընկերությունը նաև ընդմիջումների մասին հիշեցումների ֆունկցիա է ավելացրել, որպեսզի դեռահասները չափազանց չտարվեն շփմամբ, իսկ ծնողները կկարողանան որոշակի ժամանակով անջատել չաթ-բոտը։ Նման հնարավորություն կունենան նաև դեռահասները։ Բացի այդ, OpenAI-ը ծնողների համար ներդրել է ծանուցումներ իրենց երեխայի կողմից վարվող պոտենցիալ վտանգավոր զրույցների մասին. համակարգը կծանուցի մեծահասակներին, եթե երեխան քննարկի վտանգավոր թեմաներ, ինչպիսիք են սննդային պահվածքի խանգարումները և բռնության սպառնալիքները, կամ եթե անպարկեշտ պատկերներ ուղարկի։ Ծանուցումից առաջ բովանդակությունն ընկերության աշխատակիցների կողմից կստուգվի ձեռքով, այլ ոչ ավտոմատ կերպով։
Ուսուցման ռեժիմում, որը կգործարկվի առանձին, ChatGPT-ն կփորձի դեռահասին ուղղորդել դեպի իր սեփական լուծումը, այլ ոչ թե պատրաստի պատասխան այս կամ այն խնդրին։ Ավելացվել է նաև «Ուսումնական ժամեր» գործառույթը, որն ավտոմատ կերպով ակտիվացնում է ուսումնական ռեժիմն օրվա որոշակի ժամին։
Ծնողները կարող են նաև կարգավորել այս գործառույթը իրենց օգտահաշվի միջոցով։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ռեժիմը կակտիվանա ավտոմատ կերպով՝ կանխատեսման մեխանիզմների միջոցով: Նոր օգտահաշիվներ ստեղծել անհրաժեշտ կամ հնարավոր չի լինի, քանի որ համակարգը վերլուծում է օգտատերերի հարցումները և վարքագիծը: Դեռահասների ռեժիմը կգործարկվի օգոստոսի 18-ին և մինչև ամսվա վերջ կտարածվի ամբողջ աշխարհում։









