Foto

Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է

«Մի անհեթեթ միտք կա, թե՝ որքան ուժեղանում է Սփյուռքը, այնքան վատ է Հայաստանի համար, թե՝ այնքան թուլանում է Հայաստանը։ Նման մի բան։ Այդ միտքը հիմա հատկապես հաճախ են տարածում իշխող ուժի ներկայացուցիչները։

Իհարկե, այստեղ փորձ է արվում դնել տրամաբանություն, թե Սփյուռքն ուժեղանում է Հայաստանի հաշվին, հետևաբար՝ Հայաստանը թուլանում է, երբ ուժեղանում է Սփյուռքը։

Իրականում, սա մոտավորապես հետևյալն է՝ եթե ջուր ես խմում, դատարկում ես բաժակը, և որպեսզի բաժակը չդատարկվի, պետք է չխմել ջուր։ Մոտավորապես, ոչ բառացի։

Սփյուռքն ուժեղացնելու հնարավորությունը ոչ թե Հայաստանի հաշվին, այլ՝ Հայաստանի միջոցով։ Այսինքն, Հայաստանն է առաջին հերթին ուժեղ Սփյուռքի շահառուն՝ որպես պետություն։ Գտնվելով այնպիսի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ իր ռեսուրսները օբյեկտիվորեն անգամներով զիջում են մարտահրավերների ծավալին, Հայաստանն ունի հավելյալ ռեսուրսի կարիք։ Սփյուռքը այդ հավելյալ ռեսուրսն է, ընդ որում՝ ամենևին ոչ միայն նյութական։ Սփյուռքը մասնագիտական ռեսուրս է, սփյուռքը լոբբիստական ռեսուրս է, սոցիալ-հոգեբանական ռեսուրս է, արժեքային ռեսուրս է։

Հարցն այն է, թե ինչպես ես կարողանում աշխատել այդ ռեսուրսի հետ՝ որպես պետություն։ Եվ, բնականաբար կարևոր է դառնում, թե որքանով ես կարողանում ճանաչել այդ ռեսուրսը, ընկալել, հասկանալ, ընդունել դրա բազմազանությունը, բազմաշերտությունն ու բարդությունը, պատկերացնել դրա ոչ միատարությունը, հետևաբար տարբերակված և ճկուն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։

Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ։ Բայց շատ կարևոր, թանկ, և որոշակի իմաստով բացառիկ ռեսուրս, որն ուժեղացնելը ոչ թե Հայաստանի թուլացումն է, այլ Հայաստանի օժտումը պետական կենսունակության նոր էներգիայով»։