Foto

Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ո.-ն խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ 2026 թվականի հունիսի 5-ին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ֆեյսբուքյան իր էջում կատարել է սեռական բնույթի հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ պարունակող հրապարակում:

Բացի այդ, Ա.Ո.-ն չունենալով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու, պահելու և կրելու իրավունք, ինչպես նաև հրազենի և համապատասխան ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու համապատասխան թույլտվություն, ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում՝ երկաթյա չհրկիզվող պահարանում մինչև 2026 թվականի հունիսի 9-ը ներառյալ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 85 փամփուշտ:

Ա.Ո.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: