Foto

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածքով հեռացավ Հայկ Սարգսյանը խորհրդարանից յոթ տարվա պատգամավորական գործունեությունից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ավարտեց իր պատգամավորական գործունեությունը․ նա նոր Ազգային ժողովի կազմում այլևս ընդգրկված չէ։ 2018 թվականից խորհրդարանում գտնվող Սարգսյանը նախ ընտրվել էր «Իմ քայլը» դաշինքի, ապա՝ 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։

Խորհրդարանում Հայկ Սարգսյանն առավել հայտնի էր իր հեղինակած աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններով։ Ամենամեծ քննարկումներն առաջացրին հատկապես զինվորական ծառայությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր որոշ դեպքերում ծառայությունից ազատվել պետությանը վճարումներ կատարելու միջոցով, նաև մեկ այլ նախագիծ, որի նպատակն էր խստացնել և սահմանափակել մոլախաղերի ու առցանց կազինոների հասանելիությունը Հայաստանում։ Այդ նախաձեռնությունները լայն քննադատության արժանացան ոչ միայն ընդդիմության և հանրության, այլև, ըստ մամուլի հրապարակումների, միանշանակ չէին ընդունվում անգամ իշխանական թիմում։

ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածքով է Հայկ Սարգսյանը հեռացել խորհրդարանից։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայկ Սարգսյանն ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով և առաջին անգամ մուտք գործեց խորհրդարան։

Առաջին տարեկան հայտարարագրում Սարգսյանը նշել էր, որ համատեղ սեփականությամբ նվիրատվությամբ ստացել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող շինություն։ Նա հայտարարագրել էր նաև 2005 թվականի արտադրության Mercedes-Benz և 2013 թվականի արտադրության Lexus ավտոմեքենաները, որոնցից Lexus-ը ձեռք էր բերել 2019 թվականին։ Բանկային հաշիվներում ունեցել էր շուրջ 4 մլն դրամ, կանխիկ՝ 24 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև հայտարարագրել էր Bitcoin։

2020 թվականի հայտարարագրում էական փոփոխություններ գրեթե չեն եղել։ Նա շարունակում էր ունենալ նույն շինությունը, Mercedes-Benz և Lexus ավտոմեքենաները։ Բանկային հաշվում հայտարարագրել էր 3 մլն 592 հազար դրամ, կանխիկ՝ 24 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 0.16 Bitcoin։ Տարվա եկամուտները կազմել էին շուրջ 8,2 մլն դրամ աշխատավարձ և 77 հազար դրամ այլ եկամուտ։

2021 թվականին, երբ կրկին ընտրվեց պատգամավոր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով, հայտարարագրում պահպանվել էին նույն անշարժ գույքն ու ավտոմեքենաները։ Բանկային հաշվում առկա էր 4 մլն 385 հազար դրամ, կանխիկ՝ 24 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ Bitcoin այլևս չէր հայտարարագրվել։

2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբին պատգամավորը կանխիկ ունեցել է 55 հազար ԱՄՆ դոլար և 24 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 59 հազար ԱՄՆ դոլար և 25 մլն դրամ։ Միաժամանակ բանկային հաշվի մնացորդը 4 մլն 385 հազար 183 դրամից նվազել է՝ կազմելով 2 մլն 952 հազար 755 դրամ։

Տրանսպորտային միջոցների մասով տարվա սկզբին և ավարտին Հայկ Սարգսյանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ 2005 թվականի արտադրության «Mercedes-Benz» և 2013 թվականի արտադրության «Lexus» մակնիշների։

Հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի ընդհանուր եկամուտը կազմել է 10 մլն 370 հազար 730 դրամ։ Այդ գումարից 10 մլն 281 հազար 100 դրամը կազմել է Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը, իսկ 89 հազար 630 դրամը՝ «Ամերիաբանկ»-ից ստացված այլ եկամուտը։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին Հայկ Սարգսյանն ունեցել է 59 հազար ԱՄՆ դոլար և 25 մլն դրամ կանխիկ, իսկ տարեվերջին՝ արդեն 62 հազար ԱՄՆ դոլար և 29 մլն դրամ կանխիկ։ Միաժամանակ նրա բանկային հաշվի մնացորդը 2 մլն 952 հազար 755 դրամից նվազել է՝ կազմելով 818 հազար 395 դրամ։

Տրանսպորտային միջոցների մասով տարեսկզբին պատգամավորն ունեցել է 2005 թվականի արտադրության «Mercedes-Benz» և 2013 թվականի արտադրության «Lexus» մակնիշի ավտոմեքենաներ։ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին նա 1 մլն դրամով վաճառել է «Mercedes-Benz» մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ տարեվերջին հայտարարագրել է միայն 2013 թվականի արտադրության «Lexus»-ը։

Հաշվետու տարվա ընթացքում Հայկ Սարգսյանի եկամուտները կազմել են ընդհանուր 11 մլն 97 հազար 166 դրամ։ Դրանցից 10 մլն 39 հազար 338 դրամը ստացել է որպես Ազգային ժողովի աշխատակազմից վճարված աշխատավարձ, 1 մլն դրամը՝ ավտոմեքենայի վաճառքից, իսկ 57 հազար 828 դրամը՝ «Ամերիաբանկ»-ից ստացված այլ եկամուտ։

Այսպիսով, շուրջ յոթ տարվա պատգամավորական գործունեությունից հետո Հայկ Սարգսյանը խորհրդարանից հեռացավ՝ հայտարարագրելով համատեղ սեփականությամբ մեկ շինություն, երկու ավտոմեքենա, 70 հազար ԱՄՆ դոլար, 22 մլն դրամ կանխիկ և բանկային հաշվում 62 հազար դրամ»։