Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, կայացել է Երևանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը, հաղորդում է «Առավոտ»-ը։
Հիշեցնենք՝ Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել 2005-2007 թվականներին Ազատության պողոտայի հողերի օտարման գործընթացում պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով։
Կամո Արեյանը մեղադրանքը չի ընդունում և մտադիր է մեղադրանքի հետ իր անհամաձայնությունը հիմնավորել, որ ինքն Ազատության պողոտայի այդ գործարքների հետ, որպես պաշտոնատար անձ, որևէ լիազորություն, կապ չի ունեցել։
Այսօրվա առաջին նախնական դատական նիստում պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է վերացնել Կամո Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը, ինչը բավարարվել է, և դատական նիստը հետաձգվել է։
Հաշվի առնելով, որ դատարանը գտնվելու է արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին։









