Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։
Այս ծանր միջադեպը միանում է Երուսաղեմի հայ համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկման և բռնարարքների շարունակական շարքին։ Այսպիսի կրկնվող հարձակումները խորացնում են այն մտահոգությունը, թե դրանց հեղինակները գործում են անպատժելիության մթնոլորտում։ Թեև այս արարքները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունն իր ամբողջությամբ, պատասխանատուների նկատմամբ հետևողական օրենքի կիրարկման և դատական հետապնդման բացակայությունը նպաստում է նման հարձակումների շարունակությանը։
Կոչ ենք անում Իսրայելի նախագահ պարոն Իցհակ Հերցոգին՝ հրապարակայնորեն դատապարտել այս հարձակումը և վերահաստատել Իսրայելի պետության հանձնառությունը՝ այն է՝ պաշտպանել Երուսաղեմի և Իսրայելի բոլոր կրոնական և ազգային համայնքների անվտանգությունը, արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները։
Միաժամանակ, կոչ ենք հղում նաև Իսրայելի կառավարությանն ու իրավապահ մարմիններին՝ անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկելու, համապարփակ և անաչառ քննություն իրականացնելու՝ ապահովելով օրենքի հավասար կիրարկումը, և պատասխանատուներին կանգնեցնելու դատարանի առաջ, որպեսզի վերջիններս լիովին պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար։
Դիմում ենք նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, «Բեցելեմին», Իսրայելի Քաղաքացիական իրավունքների միությանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ու միջազգային հանրությանը՝ ուշադրության կենտրոնում պահելու այս զարգացումները,, հրապարակայնորեն արտահայտելու իրենց մտահոգությունը և գործուն քայլեր ձեռնարկելու՝ ի պաշտպանություն Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների, անվտանգության ու պատմական ներկայության։
Երուսաղեմի հայ համայնքի անվտանգության, արժանապատվության և պատմական ներկայության պաշտպանությունը ոչ միայն բարոյական ու իրավական պարտավորություն է, այլև անհրաժեշտ պայման՝ պահպանելու Երուսաղեմի յուրօրինակ բազմակրոն, բազմամշակութային և պատմական դիմագիծը՝ որպես սուրբ քաղաք երեք միաստվածային կրոնների համար։









