Foto

Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ

Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշել է Անի Բադալյանը։

Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։

Նշվում է, որ հավանական ընդունող երկրների շարքում են մի քանի աֆրիկյան պետություններ, որոնցից ամենահավանական տարբերակներից մեկն Ուգանդան է։

Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապօրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապօրինի միգրացիայի կառավարմանը։