ԱՄՆ պետդեպարտամենտը մշտական հիմունքներով ներդնում է վիզային գրավի ծրագիր, որը կոնսուլական աշխատակիցներին թույլ կտա մինչև 20 հազար դոլարի երաշխիքային վճար պահանջել զբոսաշրջային և գործարար վիզա ստանալու համար դիմած անձանցից, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Դաշնային ռեեստրում հրապարակված ծանուցման համաձայն՝ նոր կանոնները տարածվում են գործարար (B1) և զբոսաշրջային (B2) կարգի վիզաների վրա։ Գրավի պահանջը կարող է կիրառվել 50 երկրների քաղաքացիների նկատմամբ, ընդ որում՝ դրանցից մոտ 30-ը գտնվում են Աֆրիկայում։
«Կոնսուլական աշխատակիցները որոշակի ոչ իմիգրացիոն վիզաների դիմորդներից կարող են մինչև 20 հազար դոլարի չափով գրավ պահանջել՝ որպես վիզայի տրամադրման պայման»,- նշված է փաստաթղթում։
ԱՄՆ իշխանությունները որոշումը պատճառաբանում են օտարերկրացիների կողմից երկրում գտնվելու ժամկետների խախտման դեպքերը կրճատելու անհրաժեշտությամբ։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2025 թվականին գործող փորձնական ծրագիրը ցույց է տվել, որ վիզային գրավները կարող են արդյունավետ գործիք լինել երկրում գտնվելու պայմանների պահպանման վերահսկողության համար։









