«Շանթ Դաշինք»-ը դատապարտել է Փաշինյանի հայտարարությունները
«Շանթ Դաշինք»-ը հայտարարություն է արել․
««Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լիպարիտ Դրմեյանի հասցեին հնչեցված հրապարակային մեղադրանքներն ու իրավապահ մարմիններին տրված ցուցումները։
Իրավական պետությունում որևէ քաղաքացի չի կարող մեղավոր հռչակվել քաղաքական հայտարարություններով կամ իշխանության ամբիոնից հնչեցված գնահատականներով։ Եթե կան կասկածներ, դրանք պետք է քննվեն բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց քաղաքական ճնշման և նախապես ձևավորված մեղադրանքների։
Մեր աջակցությունն ենք հայտնում Լիպարիտ Դրմեյանին՝ համոզված լինելով, որ պետական ծառայողի մասնագիտական գործունեությունն ու քաղաքական դիրքորոշումը չեն կարող դառնալ հետապնդման կամ վարկաբեկման պատճառ։
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը շարունակելու է պաշտպանել իրավական պետության, արդար դատավարության և քաղաքական հետապնդումներից զերծ Հայաստանի սկզբունքները»։