ՀՀ պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) պետ Արթուր Գասպարյանը նվեր է ստացել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հայտարարագրերի տվյալներից։
92 հազար դրամ արժողությամբ նվերը ՊՊԾ պետը ստացել է հունիսի 23-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու համար։
Նվերը AWI բրենդի տղամարդու քվարցային ժամացույց է։ Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից, ունի մեղրագույն ոսկու PVD ծածկույթ և բնական կաշվե գոտի։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել այն նվերները, որոնք տրվում են պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ընթացքում, հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները, ինչպես նաև ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակները, դրամաշնորհները կամ նպաստները, եթե դրանք տրամադրվել են հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով կամ այլ թափանցիկ գործընթացի միջոցով, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները։
Միաժամանակ, եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից ստացված՝ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նվերների արժեքը գերազանցում է 60 հազար դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում որպես այդպիսին։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են այդ նվերները կառավարության սահմանած կարգով հանձնել պետությանը կամ համայնքին։









