Foto

Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ նրանք, ովքեր լավ չեն կատարում իրենց աշխատանքային պարտականությունները գյուղատնտեսության ոլորտում, խախտում են աշխատանքային կարգապահությունը հատկապես բերքահավաքի ժամանակ, պետք է գնան բանակ՝ ծառայելու։ Հայտարարությունը Լուկաշենկոն հնչեցրել է խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել է գյուղատնտեսության ոլորտի, մասնավորապես՝ բերքահավաքի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով։

«Ասեք Խրենինին (Բելառուսի պաշտպանության նախարարն է-խմբ․), որ նրանց, ովքեր աշխատել չգիտեն, զորակոչի բանակ՝ հարավային սահման՝ անտառ»,- ասել է Լուկաշենկոն՝ մանրամասնելով, որ նկատի ունի այն տարածքները, որտեղ այժմ հատուկ ռազմական գործողությունն է ընթանում։

Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ իրենք ոչ մեկի դեմ «ռազմական հարձակում ձեռնարկելու մտադրություն» չունեն։

«Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվում, ապահովում ենք մեր անվտանգությունը»,- ասել է Լուկաշենկոն։  

Նա նաև հայտարարել է, որ իրենց աշխատանքային պարտականություններում թերացող պաշտոնյաներն էլ պետք է պատասխանատվություն կրեն․ ով թերանում է, նրան պետք է ուղարկել դաշտ՝ տրակտոր, կոմբայն քշելու, աշխատելու։