Հուլիսի 20-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը մասշտաբային հարձակում են իրականացրել Մոսկվայի մարզի ուղղությամբ։ Ուկրաինական մոնիտորինգային ալիքների տվյալներով՝ FP-1 տեսակի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Պոդոլսկի քաղաքային օկրուգի Կոլեդինո գյուղում գտնվող «Wildberries»-ի խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկում։ Տեղի բնակիչները «Astra» լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել են, որ թիրախավորվել է հենց այդ օբյեկտը։ Համացանցում հայտնված տեսանյութերից երևում է, որ Պոդոլսկի շրջանում հրդեհի երկու օջախ կա, և սև ծխի հաստ սյուներ են բարձրանում։ «Два майора» Z-ալիքում հրապարակված «Wildberries»-ի մեկնաբանության համաձայն՝ լոգիստիկ համալիրը վնասներ չի կրել, սակայն անվտանգության նկատառումներով տարհանում է իրականացվել։ «Տարածքում գտնվող ողջ անձնակազմը կազմակերպված կերպով լքել է շենքը», — հայտնել են ընկերությունից։
Պոդոլսկի հարավում գտնվող Լվովսկի միկրոշրջանում հարձակման է ենթարկվել նավթաբազան, հայտնում է Exilenova+-ը։ Այս մասին գրում է նաև Astra-ն, որը վերլուծել է ականատեսների տեսանյութերը։ Ալիքի փոխանցմամբ՝ Մոսկվայի մարզում ընդհանուր առմամբ հրդեհի հինգ օջախ է արձանագրվել։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհվել է նաև Դոմոդեդովո շրջանի «Յուժնիե վրատա» ինդուստրիալ պարկում գտնվող խոշոր լոգիստիկ հաբը, որի ընդհանուր մակերեսը գերազանցում է 650.000 քառակուսի մետրը։ Բացի այդ, ԱԹՍ-ներից մեկը բախվել է բազմահարկ շենքի։ Հարվածի պահը ֆիքսվել է տեսանյութում․ Astra-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Դոմոդեդովոյում։ Դոմոդեդովոյի հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել տարբեր աստիճանի ականապայթյունային վնասվածքներով 6 տուժած, այդ թվում՝ 3 օտարերկրացի։
Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հաստատել է հարձակման փաստը՝ նշելով, թե իբր այն հաջողվել է «ետ մղել»։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ Դոմոդեդովոյում գտնվող առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, ևս մեկը վիրավորվել է Մ-4 ավտոճանապարհին, որտեղ անօդաչուն ընկել է մեքենայի կողքին», — գրել է նա իր տելեգրամյան ալիքում։ Տարածաշրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ Պոդոլսկում ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով «հրդեհներ են բռնկվել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի շարք օբյեկտներ»։ Մալոյե Տոլբինո գյուղում առանձնատուն է այրվել։ Օդինցովոյում ավտոմեքենա և տնամերձ տարածք է վնասվել, տուժածներ չկան։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կիրակի երեկոյան 20:30-ից մինչև երկուշաբթի առավոտյան ժամը հինգը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ ավելի քան 400 ԱԹՍ է շարժվել։ Ըստ նրա՝ դրանց մեծ մասը չեզոքացվել է «հեռավոր մատույցներում», իսկ 85 սարք էլ ոչնչացվել է մայրաքաղաքին մոտենալիս։









