Foto

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է։ Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից՝ ընդգծելով, որ պատճառն ուժեղ քամին է։

«Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը»,– ասված է ՀԷՑ-ի տարածած հայտարարության մեջ։

Կառույցից վստահեցնում են, որ այս պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։