Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անցկացվել է սեմինար, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցության զարգացման հեռանկարները։
Միջոցառումն անցկացվել է՝ նախապատրաստվելով ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում ստեղծված Համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստին։
Սեմինարի մասնակիցները քննարկել են Չինաստանի շուկա մուտք գործելու հնարավորությունները և համագործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ անասնաբուժական և սանիտարական պահանջները, տեխնիկական և կլիմայական կարգավորումները, մտավոր սեփականության պաշտպանության հարցերը, տրանսպորտային միջանցքների զարգացումը, էլեկտրոնային առևտուրը և առևտրային գործարքների ուղեկցումը։
Սեմինարի արդյունքները կօգտագործվեն ինչպես Համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստի օրակարգի նախապատրաստման, այնպես էլ ԵՏՀ-ի՝ Չինաստանի հետ համագործակցության հետագա զարգացման աշխատանքներում։
Հիշեցնենք, որ Չինաստանը ԵԱՏՄ-ի առանցքային առևտրային գործընկերն է․ անցյալ տարի այն կազմել է Միության ընդհանուր ապրանքաշրջանառության 36%-ը, իսկ այս տարի այդ ցուցանիշն արդեն գերազանցում է 40%-ը։









