Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
Ուղերձում ասված է.
«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները՝ խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս հաղթանակը արտացոլում է բարեկամ հայ ժողովրդի վստահությունը Ձեր ղեկավարության և Ձեր տեսլականի նկատմամբ՝ առաջ շարժվելով՝ իրականացնելու զարգացմանը, կայունությանն ու բարգավաճմանն ուղղված իր ձգտումները: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը շարունակական հաջողություններ՝ բարեկամ Հայաստանի Հանրապետությունը դեպի հետագա առաջընթաց և բարգավաճում առաջնորդելու գործում:
Օգտվելով այս հնարավորությունից՝ վերահաստատում եմ, որ Եգիպտոսը հպարտ է մեր երկու երկրները միավորող խորը արմատներ ունեցող պատմական հարաբերություններով և բարեկամության առանձնահատուկ կապերով: Մենք հանձնառու ենք շարունակել մեր համատեղ ջանքերը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու և հարաբերություններում աճող դրական դինամիկան զարգացնելու համար՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Մեծ հաճույքով եմ հիշում 2023 թ. հունվարին Ձեր բարեկամ երկիր կատարած իմ այցը, որի արդյունքներն արտացոլում էին մեր երկու ժողովուրդների համատեղ քաղաքական կամքը՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հորիզոններ բացելու համար: Ես նաև երախտագիտությամբ եմ հիշում 2024 թ. մարտին Եգիպտոս կատարած Ձեր այցը, որը կարևոր հնարավորություն էր՝ հետևելու երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի համակարգման ոլորտում ձեռք բերված առաջընթացին: Այս առումով ես կցանկանայի գնահատել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը՝ որպես մեր երկու բարեկամ ժողովուրդներին կապող մշակութային և մարդկային կամուրջ:
Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը և համակարգմանը, որը կնպաստի եգիպտա-հայկական հարաբերությունների, երկկողմ գործընկերության ամրապնդմանը և մեր երկու բարեկամ ժողովուրդների համար հետագա առաջընթացին և բարգավաճմանը»:









