Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ինչից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ալիևը հայտարարել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը հաջողությամբ շարունակվում է:
«Խաղաղությունն արդեն իսկ այսօր իրականություն է։ Սակայն, այն ամրապնդելու և երկարաժամկետ ու կայուն խաղաղության վերածելու համար մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք», – ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահ։
Ուսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:
Նա հայտարարել է, որ Եվրոպական միությունը մոտ 200 միլիոն եվրո ֆինանսավորում կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի խթանման համար: Լայենը նշել է, որ նախաձեռնությունը նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը աջակցելու համար՝ ամրապնդելով տարածաշրջանային կապը և տեղական համայնքներին նպատակային օգնություն տրամադրելով։
«Միասին մենք կարող ենք թղթի վրա գրված խաղաղությունը վերածել գործնական խաղաղության», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Բաքվում նախատեսված հանդիպումներից հետո Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Երևան․ պաշտոնապես հաղորդվել է, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել՝ ինչպես կարող է օգնել Բրյուսելը ռուսական առևտրային սահմանափակումների պատճառով տուժած Հայաստանի տնտեսությանը։









