«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ.
«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը: Արձանագրում ենք, որ ընդունված որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների և հանրային վստահության ապահովման տեսանկյունից։
Թեև ԿԸՀ-ի պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», բխեցվել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին:
Կարևոր է ընդգծել, որ նախընտրական շրջանում ի հայտ են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու և քվեարկության հարկադրանքի վերաբերյալ բազմաթիվ դեպքեր։
Այնուամենայնիվ, խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի: Նման հաշվարկի չտրամադրումը խաթարում է գործընթացի թափանցիկությունը։ Այս ընտրողներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելը՝ տակտիկական քվեարկության մասին ենթադրություններով, ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը, քանի որ քվեի չեղարկումը չի կարող համարվել «համաչափ և անհրաժեշտ միջոց» ընտրական վարչարարության սխալի վերացման համար։
«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ցանկացած ժողովրդավարական գործընթացի լեգիտիմության անկյունաքարն է։ ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը»։









