Հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող իրողություններին հարմարվելու փուլին, այս մասին հայտարարել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ։
Նա նշել է, որ ՌԴ-ն և Հայաստանը սերտ կապեր են պահպանում առաջնորդների մշտական շփումների, կառավարությունների, խորհրդարանների աշխատանքի, ինչպես նաև բազմաթիվ համատեղ համաձայնագրերի միջոցով:
«Ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արտաքին քաղաքականության անվիճելի իրավունքը: Մենք ակնկալում ենք, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի մեր երկկողմ կապերը և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,– ասել է նա։
Դիվանագետը հիշեցրել է նաև համատեղ պատմական անցյալը, առաջին հերթին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարած հաղթանակը։
Կոպիրկինը նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ Մոսկվայում ՀՀ հոգևոր մշակույթի օրեր կանցկացվեն, իսկ ՀՀ–ում` ՌԴ հոգևոր մշակույթի օրեր։









