Հայաստանում կայացած և ներքաղաքական բուռն կրքեր բորբոքած աղմկոտ ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքական վեկտորի հստակեցումը մնում է ամենահրատապ խնդիրներից մեկը։ Այս համատեքստում, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագա տեսլականը և ռազմավարական դաշնակցության վերանայման կամ ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հեռանկարները շարունակում են մնալ հանրային ու քաղաքագիտական քննարկումների առանցքային և ամենաառաջնային թեման։
Հայաստանում անցկացված աղմկահարույց խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հրավիրած ասուլիսում, որտեղ Փաշինյանն իրեն հաղթող հռչակեց ընդամենը 10% քվեների մշակումից հետո, Փաշինյանը նաև խոսեց ԵԱՏՄ-ԵՄ, այսպես կոչված, ընտրությունից։
Նա նշեց, որ Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ մերձեցման կուրսը, սակայն կշարունակի նաև մասնակցությունը և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ։
«Մենք կշարունակենք Եվրամիության հետ մերձեցման կուրսը, սակայն կշարունակենք նաև մասնակցությունը և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, կշարունակենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ։ Մենք, իհարկե, կնպաստենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը»,- նշել է Փաշինյանը։
Ռուսաստանի հանդեպ նրա այս հայտարարությունն ավելի մեղմ տոնայնությամբ էր, սակայն դա չնպաստեց, որպեսզի Ռուսաստանն ընտրություններից անմիջապես հետո շնորհավորի Փաշինյանին, ինչպես դա արեցին մի շարք արևմտյան գործընկերներ։
Փաշինյանի այդ տոնայնությունը նաև չխանգարեց Ռուսաստանին, որպեսզի վերջինս ՀՀ-ում անցկացված ընտրություններին անդրադառնա բավականին սուր ձևակերպումներով՝ նշելով, որ գրանցվել են աննախադեպ ռեպրեսիաներ, ճնշումներ ընդդիմության նկատմամբ։
Նրա գնահատմամբ, ընտրությունները Հայաստանում տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում։ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին էլ ասել է, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ ձայների կեղծումը հանգեցրել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրողների ձայների առնվազն 20%-ի կորստին։
Դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռուսաստանի հետ սրված հարաբերությունների, ԵՄ-ԵԱՏՄ ընտրության թեմային, Փաշինյանն ասել էր, թե ընտրություններից հետո կմեկնի ՌԴ՝ Պուտինի հետ հանդիպելու։
«Ռուսաստանի նախագահը հունիսի 1-ին զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց մենք նաև գործնական խոսակցություններ ունեցանք, և մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ, հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,- ասել էր Փաշինյանը։
Թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ժամեր առաջ հայտարարեց, որ հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա, ամենայն հավանականությամբ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո նման հանդիպում կպլանավորվի։ Պեսկովն ասել էր նաև, թե համապատասխան որոշումները կկայացվեն՝ կախված ընտրական գործընթացների ավարտից։
«Գիտեք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Դուք գիտեք, որ այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ պատրաստվում են բողոքարկել, վերահաշվարկ կլինի, և այլն, այսինքն՝ դա բավականին բարդ է և երկար»,- հավելել էր նա։
Մինչ հնարավոր հանդիպումը, թեև Հայաստանում ընտրական կրքերը դեռ չեն թուլանում, ԵԱՏՄ-ում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը ևս շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Ռուսաստանյան պաշտոնյաները, որոնք ՀՀ-ում ընթացող նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում բավականին սուր հայտարարություններով էին հանդես գալիս, լարվածության մակարդակը չեն իջեցնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարեց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը խիստ է դրված, անհրաժեշտ է օպերատիվ կերպով կողմնորոշվել։
«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, որովհետև մենք (Հայաստանի ղեկավարությունը։- Ա.Մ.) դեռ չենք անդամակցել Եվրամիությանը։ Գիտեք, Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենք, դրա համար էլ հարցն արդեն խիստ է դրված… Այստեղ, իհարկե, ստիպված կլինենք օպերատիվ կերպով կողմնորոշվել», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության անդամների խոսքերն այն մասին, որ Հայաստանի անդամակցության հարցով «ստիպված կլինենք զբաղվել բավականին օպերատիվ կերպով»։
«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ցանկանում ենք հստակ իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է կյանքի կոչել Եվրամիությանը միանալու մասին Հայաստանի օրենքը և միաժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում, որովհետև այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միավորումները, փոխբացառող են»,- ընդգծել է Լավրովը։
Զուգահեռաբար թեմային է անդրադարձել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշելով, թե Մոսկվան չի հանդուրժի Երևանի խնամառուի կարգավիճակը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի մասին Երևանից հնչող հայտարարությունները նմանվում են եղանակի տեսության. մեկ՝ այսպես, մեկ՝ այնպես։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին փորձեց կանխատեսել, թե ինչ սպասել առաջիկայում հայ-ռուսական շփումներից, այդ թվում՝ բարձրաստիճան։

Նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ հայ-ռուսական հարաբերություններում շրջադարձ տեղի ունենա։
Ըստ նրա, Ռուսաստանը հարցն արդեն այնպես է բարձրացրել, խնդիրը տեղափոխել է, այդ թվում՝ ԵԱՏՄ ղեկավարների տիրույթ, որ քիչ է հավանականությունը, որ գործընթացը կկանգնի ինչ-որ կետում։ Սակայն մյուս կողմից էլ, նրա կարծիքով, ՀՀ իշխանությունները փորձելու են առաջիկա հանդիպմանը, եթե այն տեղի ունենա, մեղմել իրավիճակը կամ փորձել փոխըմբռնման եզրեր գտնել։
«Ինչպես դա կհաջողվի, բարդ է ասել, քանի որ կա ԵԱՏՄ, որի օրակարգը ԵՄ-ի հետ անհամատեղելի է, ուստի այս պահին հարցը դրված է հստակ Ռուսաստանի ու այլ գործընկերների կողմից։ Այլ կլիներ իրավիճակը, եթե ՀՀ-ն հրաժարվեր ԵՄ անդամակցության կուրսից, սակայն դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով Հայաստանի ու եվրոպացի պաշտոնյաների հարաբերությունների խորությունը։ Այս իրավիճակի ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի եվրոպական ապագան տեսանելի չէ, սակայն այդ անտեսանելի, չշոշափվող նպատակը խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար ԵԱՏՄ-ում։ Թերևս ճիշտ կլիներ, եթե հանրաքվե անցկացվեր, ինչպես առաջարկում է ԵԱՏՄ-ն, որոշում կայացնողը Հայաստանն է, կամ որոշումը կկայացնի իշխանությունը, կամ ժողովուրդը հանրաքվեով։ Սակայն կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն իրատեսական արդյունքներ է ցույց տվել մարդկանց, Հայաստանը չունենալով ընդհանուր սահման ԵԱՏՄ երկրների հետ, տնտեսապես լավ ինտեգրվել է, ստանում է օգուտներ տնտեսական ինտեգրացիայից, առևտրատնտեսական արտոնություններից ԵԱՏՄ տարածքում։ Սա է պատճառը, որ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ անդամակցությունը սառեցրել են, իսկ ԵԱՏՄ-ում ցանկանում են շարունակել աշխատանքը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա կարծիքով, եթե առաջիկայում հանդիպում կայանա ընտրությունների արդյունքների պաշտոնական ամրագրումից հետո, այն առանցքային խոսակցություն կլինի և շատ հարցեր պարզ կդառնան։
«Ակնհայտ է, որ ԵՄ-ն ևս ակտիվանալու է, փորձելու են Հայաստանի եվրոպական ապագան անշրջելի դարձնել, կլինեն նաև կարծես այցեր Հայաստան, ուստի ընտրական պրոցեսների ավարտից հետո դինամիկ փուլ է լինելու, որը, թերևս, որոշակի հարցերի պատասխաններ կտա»,- ասաց նա։









