Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
«Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Քարտեզի վրա կարմիր գծով նշված է Բաղանիս և Ոսկեպար գյուղերի մոտակայքում սահմանագծման արդյունքում կառուցված ցանկապատը, նարնջագույնով` մի քանի հարյուր մետրանոց այն հատվածը, որտեղ ցանկապատ դեռ չի կառուցվել։

Մուգ շագանակագույնով նշված է այն տարածքը, որը վերահսկվում էր ՀՀ զինված ուժերի կողմից, և որը նրանք զիջել են Ադրբեջանին։ Բաց շագանակագույնով նշված է «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ դիրքերի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միջև ընկած հատվածը, որը սահմանազատումից հետո նույնպես ամբողջությամբ անցել է Ադրբեջանին։
Թե ինչու սահմանային ցանկապատը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել 2024 թվականին սկսված սահմանազատումից և սահմանագծումից հետո և մինչ օրս, ԱԱԾ–ից չեն պարզաբանել։









