Իրանը պահպանել է իր հրթիռային զինանոցի շուրջ 21-22 տոկոսը: Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ ամերիկյան հարվածները լրջորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը՝ ոչնչացնելով հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված օբյեկտների մեծ մասը։
«Անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանների մեծ մասը շարքից դուրս է բերվել, արձակման հարթակների մեծ մասը ոչնչացվել է, հրթիռների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների մեծ մասն էլ խոցվել է։ Սակայն որոշակի ներուժ նրանք դեռ ունեն», – ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Իրանը դեռևս ունակ է հարվածներ հասցնել։ Որպես օրինակ նա նշել է վերջերս Պարսից ծոցի շրջանում տեղի ունեցած հարձակումները, այդ թվում՝ Քուվեյթում գտնվող օբյեկտների դեմ իրականացված հարվածները։
Թրամփի խոսքով՝ Իրանի մնացած զինանոցը դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում, թեև դրա ծավալներն այլևս համեմատելի չեն ռազմական արշավի մեկնարկից առաջ ունեցած հնարավորությունների հետ։
Խոսելով արդեն չորրորդ ամիսը շարունակվող հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրանական ղեկավարությունը դեռ չի համաձայնել Վաշինգտոնի հետ գործարքի՝ իր «ուժի» և «հպարտության» պատճառով։
Սակայն, նրա համոզմամբ, վերջնական արդյունքում Իրանը ստիպված կլինի համաձայնության գալ։
«Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են։ Նրանք ստիպված կլինեն անել բաներ, որոնք երբեք չէին մտածի անել։ Նրանք ընտրություն չունեն, թեև դրա համար որոշ ժամանակ է պահանջվում», – հայտարարել է նա։
Թրամփը նաև քննադատել է նրանց, ովքեր պահանջում են արագ ավարտել հակամարտությունը՝ նշելով, որ նման դիմակայությունները հազվադեպ են ավարտվում մի քանի ամսում։
Համեմատելով ներկայիս հակամարտությունը Վիետնամի պատերազմի հետ՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ արագ է գործում։
«Ես դրանով զբաղվում եմ ընդամենը երեք ամիս։ Վիետնամի պատերազմը տևել է տասնինը տարի», – ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանի օբյեկտների դեմ ԱՄՆ-ի վերջին հարվածները կրել են պաշտպանական բնույթ և պատասխան են եղել Թեհրանի գործողություններին Հորմուզի նեղուցի շրջանում։ Ավելի վաղ Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «Էպիկական ցասում» գործողությունն արդեն ավարտվել է։
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ ռազմական արշավի նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։ Միաժամանակ նա չի բացառել ո՛չ դիվանագիտական լուծումը, ո՛չ էլ ավելի կոշտ քայլերը, եթե բանակցությունները ձախողվեն։
«Կամ մենք կստորագրենք համաձայնագիր, կամ կգործենք այլ կերպ։ Իսկ մյուս տարբերակը այնքան էլ հաճելի չէ», – զգուշացրել է Թրամփը։









