Արվեստն օդանավակայանում՝ գունագեղ ու ինքնատիպ. երեխաների պաշտպանության միջազգային օրը «Զվարթնոց»-ը հյուրընկալեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաներին, որտեղ տեղի ունեցավ նրանց աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ ArtAm հարթակում։

Օրը հոբելյանական էր նաև հարթակի համար. արդեն 10 տարի է՝ հարթակում ցուցադրվում են հայ արվեստագետների աշխատանքները։
««Զվարթնոց» օդանավակայանի հետ հիմնել ենք այս հարթակը, որտեղ ցուցադրվում են հայ նկարիչներ, գեղանկարիչներ և լուսանկարիչներ: Ավանդույթ է դարձել՝ ամեն հունիսի 1-ի, սկսած 2022 թվականից, ցուցադրվում են նաև երեխաների խմբակներ կամ ստուդիաներ, նույնիսկ եղել է՝ անհատ երեխայի ցուցահանդես է եղել»,-ասում է ArtAm հարթակի համադրող Արմինե Թումանյանը։

Երեխաների՝ օրերի, գուցե ամիսների վրձնած և փորագործ աշխատանքներն այսօր հիացրին ոչ միայն հայ, այլև արտասահմանցիների արվեստասերներին: Նկարչասերնեն աշխատել էին՝ հիմքում ունենալով «Պինոկիո»-ին:

«Սա իմ առաջին ցուցահանդեսն է կոնկրետ փայտագործության հետ կապված: Մինչև այդ ես մասնակցել եմ տարբեր նկարչական միջոցառումների»,-նշում է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սան Արշակ Վաղարշակյանը։

Նույն կենտրոնի սան Ստելլա Ղազարյանն էլ առավել ոգևորված է, քանի որ առաջին անգամ են «Զվարթնոց»-ում ցուցադրվում իր աշխատանքները։

Միջոցառման ավարտին երեխաների համար կազմակերպվել էր յուրահատուկ ու ուսուցողական ճանապարհորդական փորձառություն։ Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու օդանավակայանի աշխատանքի առանձնահատկություններին և երկրից երկիր տեղափոխվելու հիմնական ընթացակարգերին։

Խաղային և ինտերակտիվ ձևաչափով փոքրիկները մասնակցեցին խորհրդանշական «ճանապարհորդության»՝ մեկնելով երևակայական «Երազանքի քաղաք»:










