Foto

Մեզ համար շատ դժվար կլինի առանց Սպերցյանի, նա մեր առաջատարն է․ Կորդոբա

«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան Sport-Express-ին տված հարցազրույցում անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու լուրերին։

— Հավանականություն կա, որ Էդուարդ Սպերցյանն այլևս հանդես չի գա «Կրասնոդարում»։ Կարելի՞ է ասել, որ նա արդեն գերազանցել է ՌՊԼ-ի (Ռուսաստանի Պրեմիեր լիգայի) մակարդակը։

«Մենք նրա հետ այդ հարցը չենք քննարկել։ Հեռանալ, թե մնալ՝ միայն նա պետք է որոշի, դա իր անձնական ընտրությունն է։ Խորհուրդներ տալ, իհարկե, կարելի է, բայց նա ի վիճակի է ինքնուրույն ճիշտ որոշում կայացնել։ Նա քաջատեղյակ է իր կարողություններին և հստակ գիտի իր ներուժը»։

— Կարո՞ղ ես պատկերացնել «Կրասնոդարն» առանց Սպերցյանի։

«Մեզ համար, անշուշտ, ավելի դժվար կլինի, քանի որ նա մեր թիմի առաջատարն է։ Սակայն մենք մեկ միասնական թիմ ենք։ Եթե անգամ ես էլ հեռանամ, նույնպես շատ բան կփոխվի։ Բայց, միևնույնն է, թիմը կվերակառուցվի ու կվերակազմավորվի՝ հարմարվելով նոր իրավիճակին»։

Հիշեցնենք, որ Fonbet Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչում «Սպարտակի» դեմ կայացած հանդիպումից հետո Էդուարդ Սպերցյանը հայտարարել էր, որ դա կարող էր իր վերջին խաղը լինել «Կրասնոդարի» մարզաշապիկով։

2025/26 մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ավագը «ցուլերի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։