Foto

Քառորդ դար՝ կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման համար. Հայաստանի ֆոնդային բորսան նշում է հիմնադրման 25-ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)

Քառորդ դար՝ կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման համար. Հայաստանի ֆոնդային բորսան նշում է հիմնադրման 25-ամյակը՝ ամփոփելով անցած տարիների կարևոր ձեռքբերումները և ազդարարելով զարգացման նոր փուլի մեկնարկը։

Ֆինանսական ոլորտի նշանակալի իրադարձությունը համախմբել է միջազգային և տարածաշրջանային ֆոնդային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարների, ներդրումային և ֆինանսական կազմակերպությունների, փորձագետների և այլ պաշտոնյանների ավելի քան 16 երկրից:

«AMX-ի 25-ամյակը լավ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել հայկական կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման գործում: Վստահ եմ՝ առաջիկա տարիներին բորսան շարունակելու է իր կարևոր առաքելությունը՝ դառնալով ավելի մրցունակ, տեխնոլոգիական և տարածաշրջանային դերակատարում ունեցող ֆինանսական հարթակ»,-ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Գործունեության 25 տարվա ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան ձևավորվել է որպես ֆինանսական առանցքային ենթակառուցվածք՝ կապելով թողարկողներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին: Անցնելով  կայացման և զարգացման կարևոր ճանապարհ՝ այսօր կառույցը տրամադրում է վստահելի և գրավիչ հարթակ ներդրումների և համագործակցությունների համար։

«25 տարվա ընթացքում, չնայած դժվար, ծանր ճանապարհ է եղել, բայց հաղթահարելով դժվարությունները, հասել ենք մի մեծ կետի, որից հետո, կարծում եմ՝ պետք է էլ ավելի արագ տեմպով ինտեգրվենք միջազգային կապիտալի շուկաներին»,-նշեց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց կապիտալի շուկաների զարգացման, ֆինանսական կայունության և ներդրումային միջավայրի բարելավման կարևորությունը:

Անցկացվեցին թեմատիկ պանելային քննարկումներ, որոնք անդրադարձան ոլորտի զարգացման հիմնական միտումներին, մարտահրավերներին և ապագայի հնարավորություններին։

Վերջին 25 տարում, ըստ մասնագետների, բորսան անցել է խորքային վերափոխումների ճանապարհ՝ զարգացնելով շուկայի ենթակառուցվածքները, բարձրացնելով թափանցիկության և կառավարման ստանդարտները, ընդլայնելով ներդրումային հասանելիությունը և ամրապնդելով միջազգային համագործակցությունը։

«Մեր ռազմավարության կարևոր դիրքորոշումներից մեկն այն է, որ հայ ներդրողներն անխափան կերպով կարողանան մասը կազմել մեր «Թաբադել» հարթակի և միաժամանակ հակառակը լինի՝ արտաքին և օտարերկրացի ներդրողները կարողանան ներդրումներ իրականացնել հայկական շուկայում: Սա կարող է դառնալ հայ և օտարերկրացի ներդրողների միջև անքակտելի համագործակցության հիմք և ես վստահ եմ՝ երկար տարիների աշխատանք ունենք իրականացնելու»,-ասաց Աբու Դաբիի Ֆոնդային բորսայի խմբի տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամին։

«Հայաստանը գտնվում է շատ կարևոր աշխարհաքաղաքական դիրքում՝ կապելով Եվրոպան, նաև Ասիան: Այս ոգին և հավատամքը, որ մենք ունենք համագործակցության զարգացման մասով, հիմք է նաև հուսալու, որ կայուն զարգացումը, որն արձանագրել է Հայաստանի տնտեսությունը վերջին տարիների ընթացքում, կունենա անխափան ընթացք։ Լիահույս եմ, որ գալիք տարի մենք կկարողանանք նշել հաջորդ տարեդարձն առավել բարձր սանդղակներով, նիշերով և մեծ ձեռքբերումներով»,-մանրամասնեց Թոմաշ Բարձիլովսկին։

Միջոցառման շրջանակում Հայաստանի և Ղազախստանի ֆոնդային բորսաների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Միաժամանակ, կարևորելով ոլորտային համագործակցության զարգացումը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստորագրեց կարևոր ռազմավարական համագործակցության պայմանագրեր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ղազախստանի ITS-ի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև։

Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյակին նվիրված միջոցառումը և ձևավորված քննարկումներն ու համաձայնությունները ևս մեկ անգամ ընդգծեցին ոլորտի շարունակական արդիականացման և նորարարական լուծումների ներդրման պատրաստակամությունը՝ կապիտալի շուկայում: