Foto

Ի՞նչ են հայտարարագրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին 5 համարները

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները ԿԸՀ են ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Այս մասին գրել է Փաստինֆոն։

«Կուսակցության առաջին համար, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ տուն, բնակարան, հողամաս և ամառանոց։ Շարժական գույք, 8 միլիոն դրամը և/կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ Զուրաբյանը չունի։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 8 միլիոն դրամ։

Աշխատանքի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ հատվածում Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ փոխնախագահն է։

Ցուցակի երկրորդ համարը Արամ Մանուկյանն է, որը հայտարարագրել է միայն 1 բնակարան, որի սեփականատերն է հանդիսանում։

Երրորդ համարը զբաղեցրած Տաթևիկ Զորյանը հայտարարագրում նշել է, որ «Նեկա» ՍՊԸ-ից ստացել է 400 հազար դրամ աշխատավարձ, որտեղ զբաղեցնում է մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավարի պաշտոնը։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 4 միլիոն 115 հազար դրամ։

Կուսակցության չորրորդ համարը Սամվել Աբրահամյանն է, որը հայտարարագրում նշել է, որ չի աշխատում եւ հայտարարագրել շենք, շինություն և հողամաս, որոնք համատեղ սեփականություն են։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 5 հազար 400 դոլար և 1 միլիոն 200 հազար դրամ։

Հինգերորդ համարը Ավետիս Ավագյանն է։ Նա հայտարարագրել է 2 բնակարան, որոնք համատեղ սեփականություն են։ Աշխատում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրենի պաշտոնում։ Որպես եկամուտ հայտարարագրել է ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձը՝ 5 միլիոն 154 հազար 508 դրամ, իսկ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 3 միլիոն դրամ»։