Կատալոնական «Բարսելոնայի» ներսում բուռն քննարկումներ են ընթանում պաշտպան Էկտոր Ֆորտի ապագայի շուրջ։
Ֆուտբոլիստը վերադարձել է «Էլչեից», որտեղ հաջողությամբ հանդես էր գալիս վարձավճարով՝ գրանցելով ակնհայտ առաջընթաց։ Սակայն, ինչպես հայտնում է El Nacional պարբերականը, նրա ապագան կատալոնական ակումբի գլխավոր թիմում դեռևս երաշխավորված չէ։
Ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել Միլանի «Ինտերը», որը պատրաստ է Ֆորտին ներառել խաղացողների փոխանակման գործարքի մեջ։ Այնուամենայնիվ, նման տրանսֆերին ակտիվորեն դեմ են արտահայտվում «Բարսայի» հանդերձարանի առաջատարները։ Ակումբի երիտասարդ աստղերը, այդ թվում՝ պաշտպանի մտերիմ ընկեր Լամին Յամալը, համոզված են Էկտորի մեծ ներուժի մեջ և կոչ են անում ղեկավարությանը պահպանել նրան կազմում։ Սպասվում է, որ որոշիչ խոսքը կպատկանի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, որն անձամբ կգնահատի ֆուտբոլիստի պատրաստվածությունը նախամրցաշրջանային հավաքների ընթացքում։
Հիշեցնենք, որ 19-ամյա Ֆորտը «Բարսելոնայի» սան է։ Նա հարազատ թիմի կազմում իր նորամուտը նշել է 2023 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ բելգիական «Անտվերպենի» դեմ կայացած խաղում։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։









