Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ ՌԴ ԶՈւ-ն սկսում է համակարգված հարվածները Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող օբյեկտներին, որոնք գտնվում են Կիևում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մայիսի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Վ․ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մ․ Ռուբիոյի միջև։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի հանձնարարությամբ Ս․ Վ․ Լավրովը պաշտոնապես ամերիկյան կողմին է փոխանցել այն տեղեկատվությունը, որ ի պատասխան Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ կիևյան ռեժիմի շարունակվող ահաբեկչական հարձակումների՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսում են համակարգային և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, ինչպես նաև համապատասխան որոշումների կայացման կենտրոններին։ Ս․ Վ․ Լավրովը հրավիրել է ուշադրությունը Ռուսաստանի ԱԳՆ մայիսի 25-ի հայտարարության վրա, որով ԱՄՆ-ին, ինչպես նաև Կիևում ներկայացուցչություններ ունեցող մյուս պետություններին, հանձնարարվել է ապահովել ուկրաինական մայրաքաղաքից իրենց դիվանագիտական անձնակազմի և այլ քաղաքացիների տարհանումը։
Նախարարը հիշեցրել է ԱՄՆ-ի առաջարկով 2025 թվականի օգոստոսին Անկորիջում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները ուկրաինական հակամարտության վերաբերյալ և ափսոսանք է հայտնել, որ եվրոպական էլիտաների ու կիևյան ռեժիմի համառ ջանքերը խաթարում են նշված պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին բացում շահերի հավասարակշռության հիման վրա կայուն ու երկարաժամկետ կարգավորման համար։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների գնահատականների, ինչպես նաև Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Ս․ Վ․ Լավրովը և Մ․ Ռուբիոն վերահաստատել են փոխադարձ տրամադրվածությունը՝ չնայած հայտնի տարաձայնություններին, ակտիվացնել ջանքերը միմյանց տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների կարգավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։









