Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեծ հավանականությամբ Սյունիքը կարժանանա Արցախի ճակատագրին: Վայքում քարոզարշավի ընթացքում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս մարդը վերջերս եղել է, եթե չեմ սխալվում, Կապանում և հայտարարել է, որ Սյունիքի խնդիր չկա։ Հենց այդ մարդը մի տարածքի վերաբերյալ ասում է խնդիր չկա, մարդիկ պետք է սարսափեն։
Գնացել է Ղարաբաղ, հայտարարել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, ավելին միացում էր գոռում, հետո տեսանք ինչ եղավ։ Հիմա, իսկապես վճռական պահ է, այս մարդը շառ է մեր ժողովրդի գլխին, մեր հայրենիքի գլխին, իսկապես շառ է։
Ի դեպ Արցախի կորուստը մենք 22 թվականին Ֆրանսիայի հրապարակում մեկ ու կես ամիս անդադար, գիշեր-ցերեկ ասում էինք վտանգ կա, վտանգ կա, վտանգ կա։ Ամեն ինչը, ես հիշեցնում եմ, սկսվել է մեկ նախադասությունից՝ խորհրդարանում ինքը ասել է՝ Արցախի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցնենք, հիշու՞մ եք: Նշաձողի իջեցումը, մենք արդեն իրեն ճանաչելով, հասկացանք ինչ է սա նշանակում:
Դուրս եկանք հրապարակ, չկարողացանք բավարար մարդկանց հավաքել, համոզել: Եվ հենց Ֆրանսիայի հրապարակի շարժումը մարվեց հունիսին, հոկտեմբեր 6-ին ինքը գնաց և ստորագրեց այդ տխրահռչակ հայտարարությունը, որով ինքը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։
Այս մարդու ամեն մի հայտարարությունը ողբերգություն է բերում իր հետևից։ Դրա համար Սյունիքի հարցով պետք է զգոն լինենք և որևէ կերպ, որևէ հնարավորություն ՔՊ-ին չտալ»,- ասել է Քոչարյանը։









