Էբոլա տենդով վարակման երկու հաստատված դեպք է գրանցվել Ուգանդայի մայրաքաղաքում. վիրուսով վարակվել են առողջապահության ոլորտի աշխատողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ուգանդայի առողջապահության նախարարության՝ մայիսի 25-ի հաղորդագրությունը։
«Վիրուսով վարակվել են Կամպալայի մասնավոր կլինիկայի բուժաշխատողներ. երկու դեպքն էլ հաստատվել է…. Կազմվում է այն անձանց ցուցակը, որոնց հետ շփվել են վարակվածները. այն կհանձնվի արագ արձագանքման խմբերին», – ասվում է փաստաթղթում։
Այսպիսով, Ուգանդայում գրանցվել է վիրուսով վարակման յոթ հաստատված դեպք, որոնց բաժին է ընկնում մեկ մահվան և մեկ լիարժեք ապաքինման դեպք։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում հայտարարել էր արտակարգ դրություն միջազգային նշանակության հանրային առողջապահության բնագավառում։ Կոնգոյում Էբոլա տենդով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը, այդ թվում՝ 101-ը հաստատված է։









