Փաստացի, Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ հենց այս սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Պատճառը պարզ է դառնում․․․Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը որևէ իրավական կամ արդարադատական գործընթացի հետ կապ չունի։ Սա բացառապես քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ձևավորելն է, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելը և նորմալ նախընտրական արշավը ջարդելու բացահայտ փորձ։
Այսօր միջազգային «Գելափ» կազմակերպության հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները մատնում են իշխանության քայլերի իրական դրդապատճառը։ Ընդդիմադիր քաղաքական 4 ուժերը զգալի առավելությամբ հնարավորություն են ստանում նոր կառավարություն ձևավորելու։ Հենց այս իրականությունն է խուճապի մատնել Նիկոլ Փաշինյանին և ստիպել հերթական քաղաքական հետապնդումների ճանապարհով փորձել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը։
Փաստացի, Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ հենց այս սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները։ Եվ նաև հենց այս թվերն են Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակի և քաղաքական անհավասարակշռության հերթական ապացույցը։ Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի շեղվելու իր որդեգրած քաղաքական ճանապարհից։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և ուժեղ Հայաստանի։
Մենք շարունակելու ենք հանդարտ, զուսպ ծրագրային քարոզարշավը, մեր ժողովրդի հետ բաց ու անկեղծ երկխոսությունը։ Վստահ ենք, որ որքան էլ իշխանությունները մինչև քարոզարշավի ավարտը փորձեն նոր ճնշումներ, սադրանքներ և հետապնդումներ իրականացնել, միևնույն է, հունիսի 7-ին մեր ժողովուրդը կատարելու է իր արժանապատիվ և ճիշտ ընտրությունը։ Իսկ այդ ընտրությամբ այս իշխանությունը ստանալու է ժողովրդի հստակ քաղաքական գնահատականը»,- գրել է նա։









