Եվրոպայի լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակչում անգլիական «Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մրցաշարի գավաթը։
Ստամբուլի «Տյուպրաշ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց բիրմինգհեմյան ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 3:0։ Խաղի գլխավոր մրցավարն էր ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեն։
Անգլիացիներն իրենց առավելությունը դրսևորեցին դեռ առաջին խաղակեսում։ 41-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում (45+4′) հարձակվող Էմիլիանո Բուենդիան կրկնապատկեց այն։ Երկրորդ խաղակեսում՝ 58-րդ րոպեին, Մորգան Ռոջերսը խփեց երրորդ գնդակը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Հատկանշական է, որ Բուենդիան և Ռոջերսը, բացի խփած գոլերից, աչքի ընկան նաև մեկական գոլային փոխանցմամբ։
Այս հաղթանակը բացառիկ նշանակություն ուներ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի համար։ Իսպանացի մասնագետն իր կարիերայում վեցերորդ անգամ էր մասնակցում Եվրոպայի լիգայի եզրափակիչին և նվաճեց իր ռեկորդային՝ 5-րդ տիտղոսը։ Նախկինում նա այս մրցաշարում երեք անգամ հաղթել էր «Սևիլիայի» և մեկ անգամ՝ «Վիլյառեալի» հետ:
«Ասթոն Վիլայի» համար սա 1982 թվականից ի վեր առաջին խոշոր եվրոպական եզրափակիչն էր. այն ժամանակ ակումբը նվաճել էր Եվրոպական չեմպիոնների գավաթը (ներկայիս Չեմպիոնների լիգան) և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (թիմն ունի նաև Ինտերտոտոյի գավաթի հաղթանակներ 2001 և 2008 թթ․):
Գերմանական «Ֆրայբուրգն» էլ իր հերթին պատմության մեջ առաջին անգամ էր հանդես գալիս եվրագավաթների եզրափակչում։ Մինչ այս թիմի լավագույն արդյունքը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ հասնելն էր վերջին երկու մրցաշրջաններում։









