Foto

Աֆղանստանում աղջիկների համար ամուսնության տարիքն իջեցվել է մինչև ինը տարեկան

Աֆղանստանի իշխանություններն օրենքով սահմանված նվազագույն տարիքը, որից սկսած աղջիկը կարող է ամուսնանալ, իջեցրել են մինչև ինը տարեկան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times թերթին։

Ինչպես հաղորդում է թերթը, փոփոխություններն ամրագրված են «Ամուսինների համատեղ կեցության դադարեցման սկզբունքները» խորագրով պաշտոնական փաստաթղթում։

Հոդվածում նշվում է, որ կառավարությունն ըստ էության չեղարկել է աղջիկների համար ամուսնության նվազագույն տարիքը՝ ամուսնության հնարավորությունը կապելով սեռական հասունացման շրջանի մեկնարկի հետ։

Ինչպես գրում է The Times-ը, նորովի է մեկնաբանվում նաև ամուսնության համաձայնությունը. դրա համար բավական է սեռահասունության հասած աղջկա լռությունը։

Մինչ այս, նկատում է պարբերականը, համաձայն Աֆղանստանի 1977 թվականի Քաղաքացիական օրենսգրքի՝ ամուսնության օրինական տարիքը կազմում էր 16 տարեկան աղջիկների և 18 տարեկան տղաների համար։ 16 տարեկանից ցածր աղջիկները կարող էին ամուսնանալ հոր կամ դատավորի թույլտվությամբ։