Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը։ Այս մասին հայտնում է մարզական լրագրող Իգնասիո Սանչեսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ժոզե Մոուրինյուն, որը շատ մոտ է մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնելուն, ցանկանում է սառեցնել բրազիլացի հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ընթացող բանակցությունները։
Պորտուգալացի մասնագետն իր այս գաղափարն արդեն փոխանցել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Մոուրինյուի առաջարկի էությունն այն է, որ պետք է չեղարկել պայմանագրի նորացման ներկայիս առաջարկը և հարցին անդրադառնալ միայն 2027 թվականին՝ որոշում կայացնելով ըստ առաջիկա մրցաշրջանում ֆուտբոլիստի ցուցադրած արդյունավետության և վերաբերմունքի։
Նման սցենարի դեպքում նախաձեռնությունն ամբողջությամբ կանցնի բրազիլացու ձեռքը, որն իրավունք կստանա քննարկել իր հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ՝ որպես ազատ գործակալ։ Մոուրինյոն նպատակահարմար չի գտնում Վինիսիուսին առաջարկել աստղաբաշխական աշխատավարձ, որը հետագայում կսահմանափակի ակումբի տրանսֆերային հնարավորությունները, քանի դեռ անձամբ չի գնահատել նրա խաղն իր իսկ ղեկավարության ներքո։
Բացի այդ, մարզիչը նշել է, որ որևէ ողբերգություն չի տեսնում Վինիսիուսի՝ ազատ գործակալի կարգավիճակով հնարավոր հեռանալու մեջ, քանի որ վերջինս համարվում է իր տրանսֆերային արժեքն ու ներդրումներն արդեն իսկ լիովին արդարացրած ֆուտբոլիստ։









