Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 6 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Հարձակումների հետևանքով վնասվել են Նաբատիե շրջանի շտապօգնության ծառայությանը պատկանող երեք մեքենա։
Բացի այդ, Տիր շրջանի Հիրամ հիվանդանոցի մոտ գտնվող օգնության կենտրոնի վրա ուղղված ավիահարվածի հետևանքով 7 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու բուժքույր։
Իսրայելի բանակը մայիսի 15-ի առավոտյան տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավային 5 բնակավայրերի բնակիչներին։
Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2896-ի, իսկ վիրավորներինը՝ 8824-ի։









