Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության վճռորոշ հանդիպումը, որում տիտղոսը վիճարկեցին «Նոան» ու «Ուրարտուն»։
Դիտարժան և գոլառատ պայքարում երևանյան «Նոան» կամային հաղթանակ տարավ 4։2 հաշվով՝ հռչակվելով մրցաշարի հաղթող։
Հանդիպման մեկնարկը բարեհաջող էր «Ուրարտուի» համար. խաղասկզբի 9-րդ րոպեին Միքայել Միրզոյանն առաջ մղեց իր թիմին: Սակայն Սանդրո Պերկովիչի սաները շատ արագ կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ 27-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան վերականգնեց ստատուս-քվոն, իսկ արդեն ընդմիջումից առաջ՝ մրցավարի ավելացրած 1-ին րոպեին, Մարին Յակոլիշը հաշվի մեջ առաջ մղեց «Նոային»։
Երկրորդ խաղակեսում «Նոայի» ֆուտբոլիստներն էլ ավելի զարգացրին իրենց հաջողությունը։ 52-րդ րոպեին Յակոլիշն իր հաշվին դուբլ գրանցեց, իսկ ընդամենը երեք րոպե անց Նաթանայել Սաինտինին հաշիվը դարձրեց 4:1՝ գործնականում վճռելով եզրափակիչի ելքը։
«Ուրարտուի» ուժերը պատեցին միայն հաշվի տարբերությունը փոքր-ինչ կրճատելուն. 74-րդ րոպեին աչքի ընկավ Էդիկ Վարդանյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Այս տպավորիչ հաղթանակի շնորհիվ «Նոան» իր ակումբային պատմության մեջ երրորդ անգամ տիրացավ Հայաստանի գավաթին: Բացի այդ, թիմն իր համար տեղ ապահովեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում:









