Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը լրագրողներին հայտարարել է, որ իր երկիրը ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու ծրագրեր չունի: Այդ հայտարարությունը հնչել է ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի, թե ինքը «լրջորեն դիտարկում է» նման հնարավորությունը, հայտնում է Associated Press գործակալությունը:
Ռոդրիգեսը ելույթ է ունեցել Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում՝ հարևան Գայանայի հետ Էսեկիբոյի տարածաշրջանի (հանքանյութերով և նավթով հարուստ ընդարձակ տարածք) շուրջ վեճի վերաբերյալ լսումների եզրափակիչ օրը:
«Մենք կշարունակենք պաշտպանել մեր ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պատմությունը: Վենեսուելան գաղութ չէ, այլ ազատ երկիր»,- ընդգծել է Ռոդրիգեսը, որն իշխանության է եկել հունվարին՝ ԱՄՆ ռազմական գործողությունից հետո, որի արդյունքում տապալվել էր Նիկոլաս Մադուրոն:
Ավելի վաղ Fox News-ի եթերում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «լրջորեն դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու հնարավորությունը»։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին հրաժարվել է մեկնաբանել այդ ծրագրերը՝ միայն նշելով, որ նախագահը «հայտնի է ստատուս քվոյի հետ չհամակերպվելու իր ցանկությամբ», և գովել է Ռոդրիգեսին ԱՄՆ-ի հետ «անհավանական կառուցողական համագործակցության» համար։









