Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի շրջանակում հանդիպել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարակլևիձեի, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Ալիսիա Շչերբայտեի և Բելգիայի միգրացիայի հարցերով հատուկ դեսպանորդ Հյուգո Վերբիստի հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիայի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
«Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը, միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն ու գործընկերության շարունակական զարգացումը։ Միավորված ազգերի կազմակերպությունում փոխնախարար Ղազարյանը մասնակցել է Վրաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված «Սփյուռքի քաղաքականության գլոբալ դաշինք․ արդյունքներ, գործողություններ և կայունություն» խորագրով հարակից միջոցառմանը։ Մասնակիցները քննարկել են սփյուռքի ներուժի ներգրավման, միջազգային միգրացիայի կառավարման գործընթացներում և իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Արմեն Ղազարյանը հանդիպել է նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակազմի ղեկավար Մոհամմեդ Աբդիքերի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել միգրացիոն հոսքերի կառավարման և անվտանգ միգրացիայի ապահովմանն ուղղված գործնական լուծումների շուրջ։
ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է նաև Հնդկաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված ընդունելությանը, որի շրջանակում զրուցել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սինգհի հետ։









