Foto

Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

«Հաջորդ դատական նիստին դատավորին բացարկի միջնորդություն ենք ներկայացնելու` առաջարկելով ու խնդրելով, որ ինքը հայտնի ինքնաբացարկ ներկայացնի»,– նշեց Վարդևանյանը։

Ըստ նրա` թե՛ այսօրվա դատական նիստին կայացված որոշումները, թե՛ նախորդինը, երբ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին անգամ այցելել հոր գերեզմանին, իրենց համար բավարար են, որ ներկայացնեն բացարկի միջնորդություն։

«Ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում այլևս Հայաստանում խախտվել է անմենակարևոր երաշխիքներից մեկը` քաղաքական գործընթացի հավասարության երաշխիքը։ Եթե քաղաքական գործընթացին մասնակցող ուժերից մեկի առաջնորդը կարողանում է շփվել քաղաքացիների հետ, ներկայացնել իր ծրագրերը, իսկ մյուս ուժի քաղաքական առաջնորդն այդ հնարավորությունից զրկված է, սա խոսում է Հայաստանում քաղաքական իրավունքների հավասարության խաթարման մասին»,– ընդգծեց փաստաբանը։

Վարդևանյանը համոզված է` նման վերաբերմունքը Կարապետյանի նկատմամբ խտրական, անհավասար, վրեժխնդրության հերթական դրսևորումներ են, որոնցից որևէ մեկը ոչինչ չի շահում։