Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափառ եկեղեցու սպասավոր)։ Պաշտոնապես նա 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի օգնականն է՝ հավատացյալ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով։ Նա ակտիվ և սերտ շփումներ ունի Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականների հետ, այդ թվում՝ համատեղ միջոցառումներ իրականացնելու միջոցով։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։
«Նրա գործառույթների մեջ են մտնում զինվորների հետ անհատական զրույցների անցկացումը, սթրեսային կամ ընտանեկան բարդ իրավիճակներում նրանց հոգևոր աջակցություն ցուցաբերելը։ Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայր Տիմոֆեյը գրեթե ամենօրյա ռեժիմով առերևույթ իրականացնում է նաև ՀՀ պետականությունը վերացնելու վերաբերյալ բացահայտ քարոզչություն։
Երկու տարբեր աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քահանան մեր պետության դեմ իր այս «ծառայությունն» իրականացնում է ռազմակայանին կից գործող ուղղափառ եկեղեցիներում՝ Սուրբ Ալեքսանդրա (անմիջապես 102-րդ ռազմակայանի տարածքում) և երբեմն Սուրբ Միքայել Հրեշտակապետի (Պատվո բլրի հարևանությամբ) եկեղեցիներում։ Հայր Տիմոֆեյի գործունեությունն ու կապերը չեն սահմանափակվում միայն 102-րդ ռազմաբազայի շրջանակներով: Նա, ենթադրաբար, Հայաստանում գործող ռուսական պետական ինստիտուցիոնալ ցանցի ներկայացուցիչներից է։
Դրա վառ ապացույցներից է 2023 թ. հուլիսին Երևանում գործող «Մոսկվայի տան» կողմից ռազմակայանին կից եկեղեցիներին արված նվիրատվությունը։ Հայր Տիմոֆեյն անձամբ ներկա է գտնվել միջոցառմանը և հրապարակայնորեն ողջունել նախաձեռնությունը։ Հայտնի է, որ «Մոսկվայի տունը» զուտ մշակութային կենտրոն չէ. այն ֆինանսավորվում է Մոսկվայի կառավարության կողմից և հանդիսանում է ռուսական «փափուկ ուժի» պաշտոնական հարթակներից մեկը։
Ընտրական շանտաժ և օտարերկրյա միջամտություն
Առավել ուշագրավ է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանն առերևույթ օգտագործվում է Հայաստանում ընտրական գործընթացների վրա անմիջական ճնշում գործադրելու համար։
102-րդ ռազմակայանում աշխատող ՀՀ քաղաքացիները հայտնվում են թիրախում: Մեզ ահազանգած քաղաքացիները, ովքեր ցանկացել են գաղտնի մնալ՝ ռազմակայանի հրամանատարության կողմից հնարավոր հետապնդումներից զերծ մնալու մտավախությունից ելնելով, հայտնում են, որ իրենց ուղղակիորեն պարտադրում են քվեարկել կոնկրետ քաղաքական կուսակցության օգտին՝ հակառակ դեպքում սպառնալով հեռացնել աշխատանքից։ Ավելին, ռուսական հրամանատարությունն առերևույթ պահանջում է, որ այդ պարտադրանքը աշխատակիցները տարածեն նաև իրենց ընտանիքների անդամների, հարազատների ու ընկերների վրա՝ այդպիսով մեծացնելով վերահսկվող ձայների քանակը։
Այսպիսով, ըստ մեր ստացած արժանահավատ տեղեկությունների, ռազմակայանի հրամանատարությունն առերևույթ խախտում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաև կատարում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանք ու ՀՀ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ ու 211-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցանքներ։
Ռուսաստանյան ռազմակայանի հրամանատարությունն ու Տեր Տիմոֆեյ քահանայի առերևույթ գործողությունները պետք է դառնան իրավասու մարմինների պատշաճ քննության առարկա։ Նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորումն» անդրադարձել է ռուսական ռազմակայանի տարածքում կամ դրա ծառայողների (աշխատակիցների) կողմից կատարված ընտրական հանցագործությունների՝ ՀՀ իրավազորության տիրույթում գտնվելու հարցին։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»»,-ասված է հայտարարության մեջ։









