Foto

«Արարատ-Արմենիան» դժգոհում է ՀՖՖ-ի որոշումից

«Արարատ-Արմենիան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Նոայի» դեմ վաղը կայանալիք խաղից առաջ նախատեսված շոու-ծրագրի անցկացումը։

Ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ հանդիպմանն ընդառաջ նախատեսված է եղել երկրպագուական երգի կենդանի կատարում, հրավառություն և այլն։ «Արարատ-Արմենիան» արտասահմանյան հայտնի խմբի հետ բանակցությունների արդյունքում ձեռք էր բերել երգի տեղայնացման և կատարման իրավունքը։ Ծրագիրը համաձայնեցվել էր նաև մրցակցի՝ «Նոայի» հետ, որն արագ արձագանքել և տվել էր իր համաձայնությունը։

«ՀՖՖ-ին ներկայացվել էր ամբողջ երաժշտական ծրագիրը և նախագծի բոլոր դետալները։ Սակայն տևական քննարկումից հետո ակումբը ստացավ ՀՖՖ Մրցումների բաժնի մերժումը։ Որպես պատճառաբանություն նշվել է, որ նման լայնածավալ միջոցառման անցկացումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով լարված հանդիպումների մեծ քանակը»,- ասված է հայտարարության մեջ։

Ակումբում, սակայն, համաձայն չեն այս հիմնավորման հետ՝ հիշեցնելով, որ օրեր առաջ նույն թիմերի միջև կայացած գավաթային կիսաեզրափակիչում կողմերը միմյանց նկատմամբ առավելագույն հարգանք են ցուցաբերել, և խաղում որևէ անախորժ դրվագ չի գրանցվել:

«Ստացվում է, որ իրական պատճառը ոչ թե լարված հանդիպումներն են, այլ փոխվստահության բացակայությունը և այլ չփարատված կասկածներ։ «Արարատ-Արմենիա» ակումբն առհասարակ և հատկապես այս մրցաշրջանի ընթացքում եղել է կառուցողական աշխատանքի կողմնակից: Միջոցառումն արդեն հանրային էր դարձել, և չեղարկումը ենթադրում է նաև բացատրություն»,- ընդգծում են «Արարատ-Արմենիայում»՝ երկրպագուներին հրավիրելով մարզադաշտ և վստահեցնելով, որ հայկական ակումբային ֆուտբոլը կենդանի է անգամ առանց նախախաղային շոուների։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Նոա» հանդիպումը կկայանա մայիսի 10-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում: Խաղի սկիզբը՝ 18:00-ին: