ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգին և դրա ընդլայնման հնարավորություններին։
Քննարկման առանցքային թեմաներից էին թվային ենթակառուցվածքների զարգացումը, PayPal վճարային համակարգի գործարկումը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացումը։
Կարևորվել է նորարարական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացումը, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերի առաջխաղացումը և մասնավոր հատվածի ներգրավվածության ընդլայնումը։
Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ ոլորտում առաջադեմ տեխնոլոգիական լուծումների ներդրմանը և այդ ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարներին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը և խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։









