Foto

Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է համապարփակ հրադադար հաստատել Իրանի դեմ պատերազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Մենք կարծում ենք, որ անհապաղ անհրաժեշտ է համապարփակ հրադադար, որ ռազմական գործողությունների վերսկսումն անընդունելի է, և որ հատկապես կարևոր է հավատարիմ մնալ երկխոսությանը և բանակցություններին», - ասել է Վան Ին։

Նախարարի խոսքով՝ ավելի քան երկու ամիս տևած հակամարտությունը ոչ միայն լուրջ կորուստներ է պատճառել Իրանի ժողովրդին, այլև լուրջ ազդեցություն է ունեցել տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության վրա։

«Չինաստանը խորապես վշտացած է դրանից», - շեշտել է նա։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ կողմերը շուտով կարձագանքեն միջազգային հանրության կոչերին՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման վերաբերյալ։

Նա նաև նշել է, որ Պեկինը Թեհրանի հուսալի ռազմավարական գործընկերն է։

«Չինաստանն աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում և գնահատում է Իրանի պատրաստակամությունը՝ դիվանագիտական ուղիներով քաղաքական լուծում փնտրելու հարցում», - հավելել է արտգործնախարար Վան Ին։

Նա նաև նշել է, որ Իրանն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման օրինական իրավունք ունի։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանն իր հերթին հայտարարել է, որ Պեկինը հստակեցրել է, որ կողմերը պետք է գործեն «խոհեմությամբ» և լուծեն հակամարտությունը երկխոսության միջոցով՝ խաղաղությունը վերականգնելու համար: Նա հավելել է, որ Չինաստանը ակտիվորեն խթանում է խաղաղության բանակցությունները և կշարունակի դա անել։

Աբբաս Արաղչիի այցը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին այցից մեկ շաբաթ առաջ: Սպիտակ տան տվյալներով՝ նախատեսվում է, որ Թրամփը Չինաստան կայցելի մայիսի 14-15-ին. սա կլինի նրա առաջին այցը Չինաստան նախագահության իր երկրորդ ժամկետի ընթացքում։