ՀԱՊԿ անդամ պետությունների հայտարարությունը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության վերանայման համաժողովում․
«Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետություններս, վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) պահպանմանն ու ամրապնդմանը։ Այն իր ուժի մեջ մտնելու պահից ի վեր շարունակում է մնալ միջազգային անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը։
Ապացուցելով իր արդյունավետությունը՝ ՄԶՉՊ-ն շարունակում է առանցքային դեր խաղալ միջուկային զենքի տարածման կանխարգելման գործում։ Պայմանագրի երեք հիմնարար բաղադրիչների՝ զինաթափման, չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հավասար կարևորությունը երաշխավորում է, որ Պայմանագիրը կարող է ոչ միայն դիմակայել ներկայիս մարտահրավերներին ու սպառնալիքներին, այլև երկար տարիներ մնալ այս ոլորտներում միջպետական համագործակցության հիմքը։ Մեր երկրները ելնում են այն անխախտ սկզբունքից, որ միջուկային պատերազմը երբեք չպետք է սանձազերծվի։
Ստիպված ենք արձանագրել, որ վերջին շրջանում Պայմանագրի վերանայման գործընթացը բախվում է լուրջ փորձությունների և տարաձայնությունների, այդ թվում՝ մի շարք քաղաքականացված հարցերի շուրջ։ Սա, զուգորդված ՄԶՉՊ-ի շրջանակներում պահպանվող ապակայունացնող միտումների և Պայմանագրի վրա բացասաբար ազդող արտաքին գործոնների հետ, խոչընդոտում է համաձայնության վրա հիմնված որոշումների կայացմանը և խաթարում Պայմանագրի բոլոր հիմնարար խնդիրների իրականացման գործընթացը։
Կոչ ենք անում ՄԶՉՊ գործողության 11-րդ վերանայման համաժողովի մասնակից պետություններին վարել կառուցողական, առարկայական և ներառական երկխոսություն։
Կարծում ենք անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել համաձայնության վրա հիմնված լուծումների մշակման վրա և ապահովել Պայմանագրի ռեժիմի ու դրա երեք բաղադրիչների ամրապնդումը։
ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ են համագործակցել բոլոր պատվիրակությունների հետ՝ ՄԶՉՊ-ի երեք հիմնարար բաղադրիչների հավասարակշռված և համակողմանի քննարկման նպատակով։ Մենք վերահաստատում ենք մեր անփոփոխ հանձնառությունը Պայմանագրով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև մեր մտադրությունը շարունակել համակարգել ջանքերը՝ դրա պահպանման և ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման»։









