Foto

Մենք գիտենք, որ սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան

Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ մեր սրտերը վերստին ծանրացած էին ոչ միայն անցյալի անբուժելի ցավով, այլև ցեղասպանության ուղեգիծը շարունակող ներկայի դառը իրողություններով։ Մեկ ամսվա մեջ օկուպացված Ստեփանակերում հիմնահատակ ավերվեցին Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, որը ընդամենը մեկ օղակն է մշակութակործան այն շղթայի, որ Արցախյան ամբողջ հակամարտության ընթացքին իրականացրել է Ադրբեջանը, գրել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։

Տեր Հոր խոսքով՝ անթույլատրելի և անհասկանալի է նաև ՀՀ պատասխանատուների անպատասխանատու լռությունը։

«Երբ քանդվում են մեր սրբավայրերը, երբ պղծվում է դարերով կերտված հավատքի ժառանգությունը, լռությունն այլևս չի կարող դիտվել որպես «շրջահայաց չեզոքություն», որով փորձ է արվում չվնասել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Լռությունը նման դեպքում վերածվում է համակերպման ու ակամա հանցակցության, իսկ դրա արդյունքում ձեռքբերվածը՝ մուրացիկ խաղաղության, որը ուղղակի չի կարող ամուր ու հարատև լինել:

Մեզ համար մեր աղոթատների ավերումը պարզապես քարերի կործանում չէ…. չէ ո՞ր այդ տաճարներում աղոթք էր առաքվում առ Աստված, Սուրբ Պատարագ էր մատուցվում և հավատացյալները հաղորդակից էին դառնում Հիսուս Քրիստոսի Մարմնին ու Արյանը: Սա ուղղակի հարված է սրբությանը, հանցագործություն է հավատքի և հոգևոր ինքնության դեմ…

Թող ոչ ոք չերկմտի, որ յուրաքանչյուր ոք, ով թեկուզ փոքր բաժին ունի այս մեղքի մեջ՝ լինի բացահայտ թշնամի, թե մեր միջից, պատասխան է տալու Աստծո առաջ։ Այն, ինչ օծված է և սուրբ, չի կարող անհետևանք պղծվել:

Աստված լուռ չէ։ Նրա արդարությունը չի ուշանում, նույնիսկ երբ մեզ թվում է, թե այն ուշանում է։ Եվ գալու է օրը, երբ յուրաքանչյուր ձեռք, որ բարձրացել է Սրբության վրա, պիտի դողա Նրա արդար դատաստանի առաջ:

Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է»,- նշել է Տեր Վաչագանը։