Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայիս բանակցային մարտավարությունը հաջողություններ չի բերում Իրանի հետ շփումների ընթացքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։«Իրանցիներն ակնհայտորեն ավելի ուժեղ են, քան սպասվում էր, իսկ ամերիկացիներն ակնհայտորեն չունեն իրապես համոզիչ ռազմավարություն բանակցություններ վարելիս», – ասել է Մերցը Մարսբերգի դպրոց այցելության ժամանակ։
Մերցի խոսքով՝ Իրանը դրա հետ մեկտեղ «շատ հմտորեն է վարում բանակցությունները կամ շատ հմտորեն չի վարում դրանք»։
«Մի ամբողջ ազգ նվաստացվում է Իրանի ղեկավարության կողմից», – նշել է կանցլերը։
Ավելի վաղ սպասվում էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստան կատարած այցի ընթացքում կարող է խորհրդակցություններ անցկացնել ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է նրանց ուղևորությունը Պակիստան։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանի հետ հետագա շփումները միանգամայն կարելի է իրականացնել հեռախոսով։
Սանկտ Պետերբուրգ ժամանելուց հետո Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնի մոտեցումը հանգեցրել է Իսլամաբադում բանակցությունների առաջին փուլի ձախողման, թեև ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններում նաև առաջընթաց է գրանցվել։









