Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիան (WG) ձգձգել է Ռուսաստանից գեղարվեստական մարմնամարզության պատանի մարզիկների հայտերի ուսումնասիրությունը` փաստացի խափանելով նրանց մասնակցությունը 2026 թվականի Եվրոպայի գավաթին, Sputnik-ին հայտնել են Ռուսաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
WG-ն չափազանց երկար էր որոշում մարմնամարզուհիների, այսպես կոչված, «չեզոք կարգավիճակի» հարցը։ Ավելին, ամենակարևոր պահին միջազգային սպորտային պաշտոնյաները Զատկի արձակուրդ են գնացել։
Արդյունքում, Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել Եվրոպայի գավաթի խմբային վարժություններին, և պատճառը կապված չէ մարզական արդյունքների, վնասվածքների կամ մասնակցությունից հրաժարվելու հետ։
«Մասնակցությունն անհնար է դարձել չեզոք կարգավիճակի ձևակերպման հետ կապված ձգձգված վարչարարական ընթացակարգերի, ինչպես նաև European Gymnastics–ի (Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիա – Sputnik) կողմից գրանցումը մերժելու պատճառով», – նշել է Ռուսաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Միևնույն ժամանակ ռուսական կողմը ժամանակին է ներկայացրել բոլոր մարզիկների տվյալները։ Ապրիլի 3-ին Ռուսաստանը պաշտոնապես դիմեց Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիային՝ չեզոք կարգավիճակ ստանալու գործընթացը արագացնելու և աղջիկներին դոպինգ թեստավորման խմբի մեջ ներառելու համար։
Սակայն նույն օրը Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիան հայտարարեց, որ գրասենյակը փակ է մինչև ապրիլի 7-ը՝ Զատկի տոների պատճառով։ Ապրիլի 13-ին Ռուսաստանը կրկին հայտ ներկայացրեց, իսկ ապրիլի 14-ին չեզոք կարգավիճակ հաստատվեց միայն ռուսաստանցի մարմնամարզուհիներից մի քանիսի համար։
Այն ժամանակ՝ ապրիլի 15-ին, լրացուցիչ հայտ ուղարկվեց մնացած մարզիկների համար, իսկ ապրիլի 20-ին Ռուսաստանի մարմնամարզության ֆեդերացիան կրկին խնդրեց արագացնել գործընթացը։ Հաջորդ օրը արդեն դիմել են WG նախագահ Մորինարի Վատանաբեին։ Արդյունքում՝ ապրիլի 22-ին ևս մի քանի մարմնամարզուհի չեզոք կարգավիճակ ստացան։
Դրան հետևեցին այլ բյուրոկրատական քաշքշուկներ, և Եվրոպայի գավաթի գրանցման վերջնաժամկետը լրացավ։ Միևնույն ժամանակ պարզվեց, որ մարմնամարզուհիների տվյալները կարելի էր նախապես մուտքագրել գրանցման համակարգ՝ նախնական կարգավիճակով։ Այդ մասին ռուսական կողմին տեղեկացրեցին արդեն վիճակահանությունից հետո։
Մինչդեռ, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարեց, որ Ռուսաստանի և Բելառուսի պատանիները «չպետք է սահմանափակումների բախվեն պատանիների միջազգային մրցումներին մասնակցելու հարցում թե՛ անհատական, թե՛ թիմային մարզաձևերում»։
Ի վերջո այնպես ստացվեց, որ ռուսական կողմը կատարեց բոլոր պահանջները և ժամանակին ներկայացրեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն մարմնամարզուհիներին մրցումներին մասնակցել չթույլատրեցին։
Այս դեպքը ցույց է տալիս Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ պատանի մարզիկների համար միջազգային մրցումներին հասանելիությունն ընդլայնելու վերաբերյալ հրապարակային դիրքորոշման և առանձին միջազգային սպորտային ֆեդերացիաների գործելակերպի միջև պահպանվող անհամապատասխանությունը, նշել է ռուսական կողմը։









