Foto

«Այս պայմաններում բացառում եմ, որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը». Ռուբեն Սաֆրաստյան

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ  ուղերձ է հղել, որտեղ նշել է, որ ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։

«Մենք կը յիշենք Ա. Համաշխարհային պատերազմի տարիներուն մեր ժողովուրդի կրած կորուստները, տեղահանութիւնը, տարագրութիւնը եւ այն անչափելի ցաւը, որ սերունդէ սերունդ փոխանցուած է։ Բայց այս յիշատակումը միայն անցեալի մռայլ էջերուն մէջ փակուելու համար չէ։ Այս յիշատակումը նաեւ կոչ մըն է՝ իմաստաւորելու մեր ապրածը եւ ուղղուելու դէպի ապագայ։

Այս հողերուն վրայ, ուր դարեր շարունակ տարբեր ժողովուրդներ կողք կողքի ապրած են, խաղաղ համակեցութեան աւանդը ծանր հարուած ստացած է այդ տարիներուն։ Սակայն նոյն այս աշխարհագրութիւնը մեզ կը յիշեցնէ նաեւ անխուսափելի ճշմարտութիւն մը՝ որ ժողովուրդները դատապարտուած չեն յաւերժ հակադրութեան, այլ կոչուած են համակեցութեան, երկխօսութեան եւ փոխադարձ ըմբռնման»,- իր ուղերձում նշել է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

1915 թվականին՝ 111 տարի առաջ Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մինչև այսօր Թուրքիան չի ճանաչել և ընդունել։ Տարբեր ժամանակներում նա տարբեր պատրվակներ է առաջ քաշել՝ պատմական ճշմարտության հետ չառնչվելու համար։ Այդ պատրվակներից ամենատարածվածն այն է, որ Թուրքիան առաջարկում է այդ ամենը թողնել «պատմաբանների ուսումնասիրությանը»։