Ճապոնիան կցանկանար նոր թափ հաղորդել Ռուսաստանի հետ երկխոսությունը տարածքային հարցի և դրա հետ կապված նախագծերի շուրջ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները հայտնվել են ծայրահեղ բարդ վիճակում, ինչի պատճառով տարածքային խնդրի քննարկումը և համատեղ նախագծերի իրականացումը փաստացիորեն կանգ են առել։
«Դա մեծ ափսոսանք է առաջացնում, և մենք կցանկանայինք ինչ-որ կերպ հնարավորություն գտնել իրավիճակը մեռյալ կետից շարժելու համար»,- ասել է Մոտեգին խորհրդարանի վերին պալատի համապատասխան հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նա նաև ընդգծել է, որ նախկին բնակիչների այցելությունների վերսկսումը հարավային Կուրիլյան կղզիներ և դրա հետ կապված նախաձեռնությունները մնում են Տոկիոյի առաջնահերթություններից մեկը։
«Ռուսաստանը մեզ համար հարևան երկիր է, և մենք չափազանց կարևոր ենք համարում երկկողմ հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա պահպանելը։ Միևնույն ժամանակ, ինչպես գիտեք, ներկա պայմաններում հարաբերությունների կարգավորումը մնում է բարդ խնդիր, սակայն մենք մտադիր ենք շարունակել գործադրել բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը՝ ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան լուծել կուտակված խնդիրները»,- եզրափակել է Ճապոնիայի ԱԳ նախարարը։









