ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել են Իրանից նավթ տեղափոխող, պատժամիջոցների տակ գտնվող նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարարությունը X միկրոբլոգում։
«ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում արգելափակել են պատժամիջոցների տակ գտնվող, որևէ պետության դրոշի ներքո չնավարկող, Իրանից նավթ տեղափոխող M/T Majestic X նավը, որը նավթ էր տեղափոխում Իրանից», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն «խաթարել անօրինական ցանցերը և կանգնեցնել Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող նավերը»։
«Միջազգային ջրերը չեն կարող օգտագործվել որպես վահան պատժամիջոցների տակ գտնվողների կողմից: Պատերազմի նախարարությունը կշարունակի զրկել անօրինական գործողներին և նրանց նավերին ծովային տիրույթում մանևրելու ազատությունից», – նշված է գրառման մեջ:
ԱՄՆ-ն տասնյակ նավեր է կալանել ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների շրջափակումը սկսելուց ի վեր։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն այդ նավերը չի կալանում Իրանի մոտակայքում, այլ ավելի հեռու՝ Հնդկական օվկիանոսում։









